1 հուլիսի 2011 - 18:13 AMT
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Հուլիսի 3-6-ին Հայաստանում է գտնվելու ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին, որին ուղեկցելու է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունների և ծառայությունների գծով գործադիր տնօրեն Զոլտան Սոմոգիյը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի և վարչապետի հետ: Հուլիսի 5-ին Թալեբ Ռիֆաին կհանդիպի Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության արդի խնդիրներ: Հանդիպման ավարտին նախատեսվում է «Հարավկովկասյան զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ ԶՀԿ միջև: Հուշագիրը կստորագրեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին: