Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշում է իր 10 տարին

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադրման տասնամյակը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է պաշտպանել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը:

Ինչպես նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ, իր գործունեության 10 տարիների ընթացքում ԻԱԿ-ը 6200 մարդու ապահովել է իրավական խորհրդատվությամբ, տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 28 դատական գործ է հարուցել՝ 90% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը: Այս տարիներին ԻԱԿ-ը հարյուրավոր հոդվածներ, տասնյակ գրքեր, ուղեցույցներ, եւ ժողովածուներ է հրատարակել տեղեկատվության ազատության օրենսդրության եւ իրավունքի վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ակտիվ դերակատարում է ունեցել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի մշակման և ընդունման գործում:

Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը և հմտությունները տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2011թթ ընթացքում 5300 մարդ՝ այդ թվում 2500 պաշտոնյա, ստացել է գիտելիք և հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։ “Կենտրոնը տարեկան 1000 տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` այսպիսով լինելով "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը”,- նշում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

2001թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է "Դու տեղյակ լինելու իրավունք ունես" տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում:

ԻԱԿ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման նոր մեխանիզմներ ներդնելու, կատարելագործելու և դրանք հրապարակայնության ապահովմանն ու մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանն ուղղելու նպատակով։

Կենտրոնի ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---