4 հուլիսի 2011 - 12:00 AMT
Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների օգտին

Հայաստանը քվեարկել է Եվրասիական զարգացման բանկի կազմում Ղրղզստանի հանդես գալու օգտին, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, դեռ ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի կառավարությունը բանաձև է ընդունել այդ հարցի վերաբերյալ:

«ԵԶԲ գործիք է, որն աշխատում է ԱՊՀ ինտեգրացման համար, այդ տեսանկյունից Հայաստանը նույնպես հանդես է գալիս ինտեգրացիոն գործընթացների օգտին: Մենք ողջունում ենք նաև Ղրղզստանի մուտք գործելը բանկի կազմ և շատ դրական ենք վերաբերվում դրան»,- ասել է նա:

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը Մոսկվայում հունիսի 29-ի նիստում միաձայն հաստատել է նոր մասնակցի` Ղրղզստանի մտնելը բանկի կազմ:

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հունիսի 28-ին ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցել է ԵԶԲ նիստին: