4 հուլիսի 2011 - 13:17 AMT
Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը, մասնավորապես Եվրամիության ներգրավմանը բանակցային գործընթաց: «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ հնարավոր է ՄԽ ձևաչափի փոփոխություն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Իսկանդարյանը նշել է, որ ՄԽ ձևաչափը գործում է 1992-ից և բավական կայուն է: Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ բավական հաջող իրականացնում է իր առջև դրված խնդիրները` խաղաղ գործընթացի ապահովում, ստատուս քվոյի պահպանում և հակամարտության միջազգայնացում: Նա նաև հավելել է, որ թեպետ Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից, սակայն նա ՄԽ ձևաչափը փոխելու միջոցներ չունի:

Իսկանդարյանը նաև անդրադարձել է Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, նշելով, որ նա Կազանի հանդիպումից ոչ մի սպասում չուներ: «Հիմա ղարաբաղյան հակամարտության մեջ արմատական փոփոխությունների համար հիմքեր հիմա չկան»,- ասել է քաղաքագետը և ավելացրել, որ յուրաքանչյուր եռակողմ հանդիպումից առաջ հայ հասարակության մեջ ծագում են դարակազմիկ փոփոխությունների սպասումներ, որոնք հետո չեն արդարանում: