4 հուլիսի 2011 - 15:34 AMT
Հայաստանում աճում են օնլայն լրատվամիջոցները, սակայն կա պրոֆեսիոնալիզմի լուրջ պակաս

Վերջին մի քանի տարիներին տեղեկատվական ոլորտում հայկական տեղեկատվական գործակալությունների ներկայացումը կտրուկ աճել է։ Այս կարծիքին է տեղեկատվական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Վերջինս “Hareyan Publishing” ԱՄՆ լրատվական ընկերության տնօրեն Արմեն Հարեյանի հետ այսօր հանդես եկավ ասուլիսով, որի ժամանակ նրանք ներկայացրեցին հայկական տեղեկատվական ոլորտի թերացումները և միջազգային փորձի նորարար լուծումները։

«Տեղեկատվական գործակալությունների ներկայացման աճը պայմանավորված է համացանցի աճով, Հայաստանում արագ ու համեմատաբար մատչելի ցանցային կապ ի հայտ գալով և նաև սոցիալական ցացների աճով։ Եթե այսօր ԶԼՄ-ն չկա որևէ սոցիալական ցանցում, ապա մեծ քանակով այցելություն է կորցնում»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ Հայաստանը և Ադրբեջանն ավելի լավ են ներկայացված՝ չնայած տարածաշրջանում Վրաստանում է ինտերնետ կապն ամեանաարագն ու որակովը։

Ըստ Արմեն Հարեյանի այսօր հայակական կողմի ամենակարևոր խնդիրը կրթության հարցն է։

«Մենք ունենք պրոֆեսիոնալիզմի լուրջ պակաս, շատ ուսանողներ ավարտելուց հետո նորմալ չեն կարողանում կազմել իրենց միտքը։ Խնդիր կա այլ լեզուներով գրող մասնագետների, անգամ հայերեն գրող։ Կարծես համացանցում բուռն աճ կա տեղական լրատվամիջոցների, սակայն երբ ծանոթանում ես բովանադակությանը, հայտանբերում ես լուրջ սխալներ թե՛ մասնագիտական, թե՛ գրագիտության, թե ՛վերլուծության։ Երբ ես լրագրողի կարիք եմ ունենում, չեմ կարողանում գտնել համապատասխան մասնագետի Հայաստանում»,- ասաց Արմեն Հարեյանը և ավելացրեց, որ կցանկանար, որ հայկական տեղական օնլայն լրատվամիջոցներն իրենց առջև խնդիր դնեին մրցելու NewYork Times-ի կամ Financial Times-ի պես լրատվամիջոցների հետ։

Կարեն Վրթանեսյանը և Արմեն Հարեյանն այս խնդիրների մի քանի լուծում առաջարկեցին։ Ըստ Արմեն Հարեյանի առաջին հերթին պետք է ավելացնել լրատվական կայքերը Google News, Bing կամ Yandex որոնողական համակարգերում և գրել այնպես, որը նորությունը հայտնվի Google News-ի գլխավոր էջում։

«Այս տարբերակը կբերի հսկայական այցելություն և եկամուտ։ Մյուս լուծումը Live Blogging-ով (ուղիղ հեռարձակում) զբաղվելն է, որն օպերատիվ լրատվության և կրկին մեծաքանակ այցելուներ ձեռք բերելու մեթոդ է։ Եվ իհարկե անհրաժեշտ է որ լրատվամիջոցը լինի սոցիալական ցանցերում։ Մեր մամուլը պետք է լուրջ մտածի եկամտաբերության մասին և չմնա միայն դոնորների հույսին», ասաց Արմեն Հարեյանը։

Արմեն Հարեյանը կարևորեց նաև, որ լրատվամիջոցները պետք է ստեղծեն սեփական ծրագրերը սմարթֆոնների համար, քանի որ այսօր մարդիկ տեղեկություն են փնտրում հենց հեռախոսից։

Կարեն Վրթանեսյանի խոսքով այսօր հայկական համացանցում կան այնպիսի բլոգերներ, որոնք ավելի շատ ընթերցող ունեն, քան օնլայն լրատվամիջոցները։