5 հուլիսի 2011 - 15:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2012թ. աշնանը Հայաստանում աննախադեպ միջազգային զբոսաշրջության համաժողով կկայանա

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանում միջազգային զբոսաշրջության համաժողովի անցկացման մասին: Հուլիսի 5-ին Երևանում «Հարավկովկասյան տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրումից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հաղորդել է, որ համաժողովը ծրագրված է 2012 թվականի աշնանը: «Այդ համաժողովն աննախադեպ կլինի իր մասշտաբով, քանի որ տարածաշրջանային զբոսաշրջության ներկայացուցիչներից բացի կապահովվի համաշխարհային զբոսաշրջության արտադրության առաջնորդների ներկայությունը»,- ընդգծել է նա:

Բացի դրանից, էկոնոմիկայի նախարարության և ԶՀԿ միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ տուրիստական ընկերությունների ղեկավարները հատուկ վերապատրաստում կանցնեն միջազգային կառույցի կենտրոնական գրասենյակում: «Դա մեր մասնագետների համար իրենց պրոֆեսիոնալ հմտությունները կատարելագործելու փայլուն հնարավորություն է, ինչը թույլ կտա նաև բարձրացնել Հայաստանի դերը զբոսաշրջության արտադրության համաշխարհային շուկայում»,- հավելել է նա: Տիգրան Դավթյանը հաղորդել է նաև, որ Հայաստանը ԶՀԿ-ին է դիմել հանրապետություն համաշխարհային բրենդերի մուտքին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Նախարարի խոսքով, ներկայումս արդեն բանակցություններ են ընթանում համաշխարհային զբոսաշրջության արտադրության մի շարք առաջատար ներկայացուցիչների հետ: «Մոտ ժամանակներս մենք ակնկալում ենք նրանց մի մասի մուտքը Հայաստան»,- ասել է նա` ձեռնպահ մնալով այդ բրենդերի հրապարակումից:

Հայաստանում առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային, որին ուղեկցում է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունների և ծառայությունների գծով գործադիր տնօրեն Զոլտան Սոմոգիյը:

ՖՈՏՈՇԱՐՔ