Հայաստանի յոթ բուհերի դասախոսներ նախագծերի կառավարման վերաբերյալ կրթական ծրագրի կմասնակցեն

Հայաստանի յոթ բուհերի դասախոսներ նախագծերի կառավարման վերաբերյալ կրթական ծրագրի կմասնակցեն

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա» հկ-ի հետ համագործակցության շրջանակներում սկսում է կրթական ծրագրերի նոր շարք:

Որևէ նախաձեռնություն կյանքի կոչելու և ցանկալի արդյունք արձանագրելու նախապայմանը նախագծերի կառավարման հմտությունն է: Դա ենթադրում է մի շարք գործընթացների սինթեզ. մասնավորապես, նպատակների սահմանում, հնարավոր ռիսկերի բացահայտում, դրանք կառավարելու մեխանիզմների մշակում, վերահսկողություն և վերջնական արդյունքի ամփոփում:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ՎիվաՍել-ՄՏՍ-ից, Հայաստանի յոթ բուհի դասախոսներ հնարավորություն կունենան նախագծերի կառավարման վերաբերյալ հսկայածավալ տեղեկատվություն ստանալ հնարավորինս սեղմ ժամկետներում: Կրթական ծրագրերը նրանց թույլ կտան իրենց մեջ բացահայտել արդյունավետ կառավարման ունակությունները և ձեռք բերել նոր հմտություններ:

«Մարդիկ իրենց մասնագիտական իրական հնարավորությունները բացահայտում են գործունեության ընթացքում: Նախագծերի կառավարման հարցում նրանց ունեցած պատկերացումները, սակայն, երբեմն կարող են ուղղակի չհամապատասխանել իրականությանը` հնարավոր ռիսկերի պատճառով: Դրա հետ բախումն, անշուշտ, կառաջացնի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պահանջ և իրավիճակը վերահսկելու կարողություն: Ժամանակի հետ բոլոր մասնագետները նման պայմաններում ձեռք են բերում փորձառություն: Առավել հաջողում են, սակայն, նախագծերի այն ղեկավարները, ովքեր տիրապետում են տարբեր փուլերում խնդիրը դիտարկելու և այն ճիշտ լուծելու հմտություններին: Հենց այդ նպատակն են հետապնում այն դասընթացները, որոնց անցկացմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորի աջակցության արդյունքում նախատեսվում է հրատարակել նաև գիրք` նախագծերի կառավարման դասընթացի վերաբերյալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---