Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում Արցախի հակամարտությունը

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում Արցախի հակամարտությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Մոկսվայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները առանձնանում են փոխվստահությամբ, կառուցողականությամբ եւ դաշնակցային հարաբերություններին բնորոշ հատուկ բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցելության հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Երկու երկրների ղեկավարների միջեւ շփումների պարբերականությունը կանխորոշված է հայ-ռուսաստանյան դաշնակցային գործընկերության բնույթով, որոնք վերջին երեք տարիներին տեղի են ունենում առանձնահատուկ ինտենսիվությամբ: Դրանով են պայմանավորված նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները»:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ, քննարկվեցին նոր պայմանագրային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպումների ընթացքում: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմա-քաղաքական համագործակցությունը, արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Նախարարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը, անդրադարձան Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվեց, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առեւտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, եւ այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երեւանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշեցին ապակենտորնացված համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձան հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվեցին այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում ՌԴ նախագահի կարեւոր ներդրման եւ արտգործնախարարի կողմից ձեռնարկվող ջանքերի համար: Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը, առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շւորջ. Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---