Վրաստանում ուժի մեջ մտավ 5 կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու մասին օրենքը

PanARMENIAN.Net - Վրաստանի կրոնական միավորումներին հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու մասին Քաղաքացիական օրենսգրքի շտկումներն արդեն ուժի մեջ են մտել:

Օրենքը հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված շտկումներով և Վրաստանի նախագահի ստորագրությամբ հրապարակվել է նախօրեին, ինչը նշանակում է, որ այն արդեն ուժի մեջ է մտել:

Գործող օրենքի համաձայն Վրաստանի նախագահն ունի 10-օրյա ժամկետ դրական որոշում ընդունելու կամ վետո սահմանելու համար, հաղորդում է Գրուզիա օնլայնը:

Կրոնական միավորումների կարգավիճակի մասին օրինագիծը Վրաստանում ոչ բոլորն են հավանել: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները կոչ են արել նախագահ Սահակաշվիլիին մերժել օրինագիծը: Ընդդիմադիրների կարծիքով Վրաստանի պատրիարքության քննադատությանն արժանացած փաստաթղթի վրա պետք է սահմանվի վետո, իսկ կրոնական միավորումների կարգավիճակի շուրջ պետք է անցկացվեն հանրային քննարկումներ:

Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Բ-ը առաջարկել է դադարեցնել խորհրդարանում օրինագծի քննարկումը, որը նախատեսում է կրոնական միավորումներին հասարակական իրավունքով իրավաբանական կարգավիճակի տրամադրում: «Անհրաժեշտ եմ համարում խորհրդարանում դադարեցնել երկրորդ և երրորդ ընթերցմամբ օրենքի ընդունման ընթացակարգերը, ինչպես նաև այս հարցի շուրջ անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ»,- ասվում է Իլյա Բ-ի հայտարարությունում: Փաստաթղթում նշվում է, որ դա «կարևորագույն հարց է, որը որոշում է պետության կառույցի հիմնական սկզբունքները»: Միաժամանակ, Իլյա Բ-ն հայտարարում է, որ Վրացական ուղղափառ եկեղեցին երբեք դեմ չի եղել և միշտ աջակցել է այլ կրոններին կարգավիճակ շնորհելուն, հաղորդում է Ինտերֆաքսը:

Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները քվեարկել են համապատասխան շտկումների համար խորհրդարանի արտահերթ նիստում: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի բապտիստական եկեղեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---