Հայաստանի ֆինանսների նախարարը Forbes-ի գնահատականը «ակնթարթային» է համարում

Հայաստանի ֆինանսների նախարարը Forbes-ի գնահատականը «ակնթարթային» է համարում

PanARMENIAN.Net - Forbes-ի գնահատականը Հայաստանի համար հիմնված է վերջին երեք տարվա մի շարք ցուցանիշների, մասնավորապես տնտեսական աճի, գնաճի, ինչպես նաև ընթացիկ դեֆիցիտի ցուցանիշի վրա, որոնք Հայաստանի համատեքստում հատկապես վատթարացել են 2009 թվականի ճգնաժամային ժամանակահատվածում: Հուլիսի 7-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպիի հետ համատեղ մամլո ասուլիսում այդ մասին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, այդ ցուցանիշները միջինացված են եռամյա կտրվածքով, ինչը լավագույն կերպով չի բնութագրում Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացը: Սակայն, ինչպես ընդգծել է նախարարը, եթե մի կողմ դնենք 2009 թվականը և հայացք նետենք 2011-2012 թվականներին, ապա Հայաստանում բոլորովին այլ պատկեր կլինի, որը բնութագրվում է տնտեսական աճով և գնաճի նվազմամբ: «Դա ընդամենը ակնթարթային (ոչ մեծ ժամանակահատված ընդգրկող) գնահատական է, այն չի կարող նույնը լինել 2012-ին և լիովին պայմանավորված է 2009թ. իրադրությամբ»,- ընդգծել է նա:

Ժան-Միշել Ապպին իր հերթին համաձայնել է Վաչե Գաբրիելյանի կարծիքի հետ` ընդգծելով, որ «Ակնհայտ է, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրը չէ և ամենավատ տնտեսությունը չէ, որ ունի»: «Այո, եղել է գնաճ, իսկ ներկրումը վերջին տարիներին երկու անգամ գերազանցել է արտահանումը, հետճգնաժամային շրջանում գնաճը հասել է 9,5 տոկոսի, բայց դա միանշանակ չի վկայում այն մասին, թե դա հետևողական բնույթ է կրելու»,- ընդգծել է նա:

Վերլուծելով վերջին տարիներին աշխարհի երկրների մեծամասնության մակրոտնտեսական ցուցանիշները` Forbes ամսագիրը համարել է, որ Հայաստանն ամենավատ տնտեսություն ունեցող երկրների շարքում երկրորդն է: Հայաստանի մասին Forbes վարկանիշում ասվում է, որ այդ երկիրը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից. 2009-ին Հայաստանի ՀՆԱ անկում է ապրել միանգամից 15 տոկոսով: Միաժամանակ երկրում շարունակում է տիրել բարձր գնաճ (շուրջ 7 տոկոս), իսկ մեկ անձի համար ՀՆԱ կազմում է երեք հազար դոլարից պակաս. դա հարևան Թուրքիայի նույն ցուցանիշի մեկ երրորդից էլ քիչ է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---