Հայկական պատվիրակությանը հաջողվեց կանխել ԵԱՀԿ ԽՎ բանաձևի նախագծում հակահայկական շտկումների ընդունումը

Հայկական պատվիրակությանը հաջողվեց կանխել ԵԱՀԿ ԽՎ բանաձևի նախագծում հակահայկական շտկումների ընդունումը

PanARMENIAN.Net - Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 6-ին մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում քվեարկության է ներկայացված «Ամրապնդելով ԵԱՀԿ արդյունավետությունն ու գործունակությունը. Նոր մեկնարկ Աստանայի գագաթնաժողովից հետո» բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը մասնավորապես անդրադառնում է նաև ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում՝ ղարաբաղյան: Ադրբեջանական և թուրքական պատվիրակությունները հանդես են եկել առաջարկով` «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպումը փոխարինելու «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն» ձևակերպմամբ: Հայկական պատվիրակությանը հաջողվել է կանխել այդ փորձերը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԱՀկ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

«ԵԱՀԿ ԽՎ 1-ին հանձնաժողովում (Քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողով) քննարկվում էր Աստանայի գագաթաժողովից հետո ԵԱՀԿ հեռանկարների թեմային առնչվող քաղաքական զեկույցը, որի հեղինակն էր խորվաթ պատգամավոր, Խորվաթիայի նախկին արտգործնախարար, սոցիալիստ Տոնինո Պիչուլան: Այդ բանաձևի քննարկման ընթացքում արվել է 43 լրացում և առաջարկություն, որոնցից մեկը` 17-րդը, ներկայացրել էին Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները` 3 ադրբեջանցի և 2 թուրք պատգամավորներ: Այդ լրացման բովանդակությունը հետևյալն էր` նշված փաստաթղթում առաջարկվում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» անվանման փոխարեն օգտագործվել «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի և նրա շուրջը հակամարտություն» տերմինը: Այս տերմինի օգտին նախապես առաջարկություն էր արել ևս մեկ` Լիխտենշտեյնից պատգամավոր պարոն Լոմբերը, որը, սակայն, երեկ (07.07.2011) մեզ հետ զրույցի արդյունքում հասկացավ իր առաջարկի անարդյունավետությունը և այսօր դիմումով պաշտոնապես հրաժարվեց այդ ուղղման համահեղինակը լինելուց, ինչի մասին հայտարարվեց 1-ին հանձնաժողովի նախագահի կողմից:

Ես ելույթ ունեցա մի առարկությամբ՝ նշելով, որ «մենք առարկում ենք այդ ուղղման դեմ, որովհետև այն հակասում է ԵԱՀԿ շրջանակում ընթացող Մինսկի գործընթացի ոգուն, տերմինաբանությանն ու պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ՌԴ նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Աստանայի գագաթաժողովի ընթացքում հայտարարել են Մինսկի գործընթացն առաջ մղելու ցանկության մասին, որը հիմնված կլինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Այստեղ, ինչպես և ԵԱՀԿ շրջանակներում ընդունված բոլոր նախորդ փաստաթղթերում և հայտարարություններում, հակամարտությունն անվանված է «Լեռնային Ղարաբաղի» կամ «հակամարտություն Լեռնային Ղարաբաղում»: Ես չեմ թվարկի այն բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են 1992 թվականից, չնայած մենք կարող ենք դրանք տարածել բոլոր ցանկացողների շրջանում: Կթվարկեմ միայն ամենակարևորները` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահների հայտարարությունը Լ’Աքվիլայում (Իտալիա), Մուսկոկում (Կանադա) և Դովիլում (Ֆրանսիա): Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ տերմինաբանությունը փոփոխելու այս փորձը տվյալ հարցում ապակառուցողական քայլ է, քանի որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, ինչի մասին պարզ և առանց երկմտանքի ասված է Աստանայի հայտարարության մեջ: Ավելին` ԵԱՀԿ ԽՎ-ն չպետք է ընդունի ինչ-ինչ հայտարարություններ, որոնց լեզուն հակասության մեջ կգտնվի այն փաստաթղթերի և որոշումների հետ, որոնք ընդունված են ԵԱՀԿ շրջանակներում:

Զեկուցողի՝ պրն Պիչուլայի մոտ ամեն ինչ շատ հստակ և կոռեկտ ձևակերպված է: Եվ մենք խնդրում ենք չփոփոխել բանաձևի այդ ձևակերպումը»:

Այնուհետև ելույթ ունեցավ պրն Պիչուլան, որն ասաց. «Լսելով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների փաստարկները` եկել ենք այն եզրակացության, որ տվյալ դեպքում ճիշտ չէր լինի փոխել այդ տերմինը եզրափակիչ փաստաթղթում, որովհետև դա կարող էր անկանոնություն մտցնել ԵԱՀԿ հետագա գործընթացներում: Այսպիսով` ես առաջարկում եմ այդ ուղղումը մերժել»: Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն, ադրբեջանական ուղղման օգտին քվեարկեցին նաև Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի ներկայացուցիչները: 37 երկիր քվեարկեց պրն Պիչուլայի առաջարկության օգտին: Խնդիրը համարվեց կարգավորված: Փաստաթուղթը կիրակի օրը քվեարկության կներկայացվի լիագումար նիստում, սակայն ԵԱՀԿ ԽՎ պրակտիկայում չի եղել դեպք, երբ հանձնաժողովում հավանության արժանացած փաստաթուղթն ընդհանուր հավանության չարժանանա:

Նշեմ, որ այս աշխատանքը, որի նպատակը Բելգրադում հավաքված 56 պատվիրակություններից 55-ին մեր հակամարտության իրական բովանդակությունը և կարգավորման իրական հեռանկարները բացատրելն էր, հնարավոր դարձավ ամբողջ պատվիրակության և մեզ հետ աշխատող ԵԱՀԿ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի ջանքերի շնորհիվ»,- ասել է Սաֆարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---