11 հուլիսի 2011 - 12:15 AMT
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի շնորհիվ 2009 թվականից ի վեր արտադրվել է շուրջ 2 հազար «Ճիշտ տոպրակ»

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում շաբաթ օրը`հուլիսի 9-ին կայացավ շուրջ երկու տասնյակ երեխաների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես և մրցանակաբաշխություն:

Ցուցահանդեսը ազդարարեց Հիմնադրամի և Բանկի` «Շրջակա միջավայրի պահպանություն և կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ընդհանուր առմամբ 36 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա ծրագրի ավարտը, որի նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն ու վերջինս պոլիէթիլենային տոպրակներից զերծ պահելն է:

Ծրագրի մեկնարկից` 2009 թվականից ի վեր, Հայաստանի մանուկներ հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Արմավիրի մարզի գյուղական համայնքներում կանայք արտադրել են վերաօգտագործվող` «Ճիշտ տոպրակներ», որոնք կոչված են փոխարինելու շուկայում առկա պոլիէթիլենային տոպրակները: Արտադրվել է շուրջ 2 հազար «Ճիշտ տոպրակ»: Բացի այդ, իրականացվել են հանրության իրազեկման ակցիաներ. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մասնաճյուղերում ավելի քան 50 հազար այցելու տեղեկացվել է և դարձել պարբերաբար անցկացվող «Հակապլաստիկ շաբաթ» ակցիայի անմիջական մասնակիցը: