Հայաստանի վարկանիշը փողերի լվացման դեմ պայքարում միշտ բարձր է եղել, հայտարարել է Տիգրան Սարգսյանը

Հայաստանի վարկանիշը փողերի լվացման դեմ պայքարում միշտ բարձր է եղել, հայտարարել է Տիգրան Սարգսյանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչներին` նախագահ Բոուդվին Վերհելստի գլխավորությամբ: Նրանք Հայաստան են ժամանել 2011 թ. հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում կառույցի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Էգմոնտ» խումբն իր հերթական նիստը որոշել է անցկացնել Հայաստանում: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջև ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները և հետագա անելիքները: Հայաստանը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, և համոզված ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ ուշադրություն են դարձրել փողերի լվացման խնդիրներին, և մեր երկրի վարկանիշն այդ տեսակետից միշտ համարվել է բարվոք»:

Բոուդվին Վերհելստը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Էգմոնտ» խմբի գործունեության ուղղությունները: Նա անդրադարձել է կառույցի ընթացիկ լիագումար նիստում քննարկվող հարցերին, մասնավորապես, առկա մարտահրավերներին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության և տեղեկատվության փոխանակման միասնական ցանցի ձևավորման հեռանկարներին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ փորձի փոխանակումը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում կնպաստի ֆինանսական հետախուզության անդամ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

«Էգմոնտ» խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: «Էգմոնտ» խմբի հիմնական դերը կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է: Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---