12 հուլիսի 2011 - 18:46 AMT
Ընկերությունների շահութահարկի մակարդակով Հայաստանը 22-ն է Եվրոպայում

«ՌԻԱ-Անալիտիկա» Տնտեսական վերլուծության կենտրոնի փորձագետները պաշտոնական հրապարակային տեղեկատվության հիման վրա նախապատրաստել են Եվրոպայի երկրների վարկանիշային աղյուսակն ըստ ընկերությունների շահութահարկի մակարդակի: Այդ վարկանիշում Հայաստանը 22-րդ տեղում է Եվրոպայի 37 երկրների շարքում:

Առաջին տեղն ըստ շահութահարկի մակարդակի զբաղեցնում է Մալթան՝ 35 տոկոս տոկոսադրույքով: Երկրորդ տեղում է Ֆրանսիան (կորպորատիվ եկամտահարկն այստեղ կազմում է 34,4 տոկոս), եռյակը եզրափակում է Բելգիան 34 տոկոս շահութահարկով: Ռուսաստանում այդ ցուցանիշը 20 տոկոս է, ՌԴ-ն կիսում է 21-26 տեղերը Հայաստանի, Ղազախստանի, Սլովենիայի, Իսլանդիայի և Ադրբեջանի հետ: Հարկադրման ամենաբարձր մակարդակը հետխորհրդային երկրների թվում Բելառուսում է՝ 24 տոկոս, ամենացածրը՝ Մոլդովայում, որտեղ այն 0 տոկոս է, սակայն դա դեռ զգակլի հաջողություն չի ապահովել գործարարության զարգացման առումով:

Ընդհանուր առմամբ վարկանիշի արդյունքները վկայում են այն մասին, որ շահութահարկը չի «արգելակում» պետությունների տնտեսական զարգացումը՝ Եվրոպայի զարգացած երկրներում այն ավելի բարձր է, քան թույլ տնտեսություններում: