14 հուլիսի 2011 - 17:58 AMT
Կարեն Բեքարյան. Ալիևն այլ ելք չունի, քան բացել սեփական ժողովրդի առջև «մադրիդյան խաղաքարտերը»

Ալիևն այլ ելք չունի, քան բացել սեփական ժողովրդի առջև «մադրիդյան խաղաքարտը»: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները:

«Ալիևը առաջին անգամ փորձում է հնչեցնել մադրիդյան սկզբունքները, կամ ինչպես ինքն է անվնաում, «նորացված մադրիդյան սկզբունքները»: Այստեղ երկու հետաքրքիր հանգամանք կա: Առաջինը, այն, որ Ադրբեջանի նախագահը բարձրաձայնում է մադրիդյան սկզբունքները, «ստվերում» թողնելով որոշ մանրամասներ, «մանրուքներ», որոնք հետագայում էական են դառնում: Օրինակ, նման «մանրուքի» օրինակ կարող է ծառայել այն, որ Ալիևի հայտարարության մեջ ոչ մի բառ չի ասվում Ղարաբաղի ժողովրդի իրավաբանական ուժ ունեցող կամքի արտահայտման մասին: Հասկանալի է, որ Ալիևը «մոռանում է» հիշատակել այդ մասին: Չէ որ, հենց ինքն է Աստանայում ստորագրությունը դրել 5-ակողմ փաստաթղթի տակ, որը հղում է անում Աքվիլայի հռչակագրին, որն էլ, իր հերթին հստակ սահմանում է պարտադիր կամարտահայտման սկզբունքը»,-ասել է Բեքարյանը:

Ըստ փորձագետի, հաջորդ հետաքրքիր պահը Ալիևի ելույթում այն է, որ Ալիևը հերթական անգամ փորձում է Ադրբեջանին ներկայացնել որպես «կառուցողական մոտեցման» կողմնակից, միաժամանակ մեղադրելով Հայաստանին հակառակում: «Հայաստանը երբեք պատերազմով չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին: Մեղադրելով Հայաստանին պատերազմ սկսելու ցանկության մեջ՝ Ալիևը փորձում է երկու խնդիր լուծել: Առաջինը, հասկանալով, որ նա «չափն անցել է» ռազմական ճանապարհով հարցը լուծելու պնդումների մեջ, Ալիևը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն «համարժեք է» այդ հարցում: Երկրորդը, առաջին անգամ արտաբերելով Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին միտքը, նա անմիջապես խոսում է «հայերի ագրեսիվության մասին», որպեսզի ժողովրդին հասկանալի լինի, թե որտեղից հայտնվեցին խոսակցությունները Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին: Երբ վաղը, մյուս օրը խոսք գնա Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտության մասին, չեմ զարմանա, եթե Ալիևն ասի, որ հայերը գրավեցին ևս 5 ադրբեջանական գյուղ, ուստի ստիպված եղան համաձայնվել Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ: Այդ իմաստով Ալիևի տրամաբանությունը շատ ինքնատիպ է»,-ասել է փորձագետը:

Հուլիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստում, բացահայտել է բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքներում կետ կա Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու մասին, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցքի առկայության մասին: «Միջանցքի պարամետրերը նույնպես այդ սկզբունքների մաս են կազմում: Ես գտնում եմ, որ այդ տարբերակն ընդունելի է: Դրա հիման վրա պետք է ընթանան բանակցությունները, որոնց արդյունքում կկնքվի խաղաղ պայմանագիր»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը: