Արթուր Բաղդասարյանն ընդգծել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի համակարգող Ֆիլիպ Փիրսին:

ՄԱԶԾ ղեկավարության և ՀԿՍՀԿ հայաստանյան թիմի հետ իրականացվող ծրագրի ընթացքի, ժամկետների և բյուջեի հետ կապված հարցերի քննարկման նպատակով Հայաստանում գտնվող Ֆիլիպ Փիրսը Արթուր Բաղդասարյանին տեղեկացրել է ծրագրի ընթացքի և առկա խնդիրների մասին և իր գոհունակությունն է հայտնել ծրագրի առաջընթացի վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանը կարևորել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը, քանի որ այն թույլ է տալիս արդյունավետ և համապարփակ մոտեցում ցուցաբերել սահմանի կառավարմանն առնչվող խնդիրներին հարակից բոլոր ոլորտներում, այդ թվում` միգրացիա, թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ինչպես նաև առևտրի դյուրինացում և մարդկանց ազատ և անվտանգ սահմանացում, որոնք որ գերակա առաջնահերթության հարցեր են Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության խթանման գործընթացում: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացում իրատեսական հիմքերի վրա կարիքների գնահատման իրականացման անհրաժեշտությունը, որը թույլ կտա առավելագույնս արդյունավետ բաշխել նախատեսված ֆինանսական միջոցները և կարևորել է այս համատեքստում ԵՄ փորձագիտական աջակցությունը: Նա նաև շեշտել է սահմանային ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացմանը համընթաց բովանդակային մասի կարևորության փաստը, այն է` վերապատրաստումների և դասընթացների կազմակերպում սահմանի կառավարման հարցերում ներգրավված մարմինների համար, այդ մարմինների պարտականությունների հստակ բաշխում, ինչպես նաև լիազորությունների ոչ պատշաճ իրականացմանը վերաբերող համապատասխան օրենսդրական փոփոխություններ` “մեկ պատուհան” սկզբունքի լիարժեք կենսագործման նպատակով: ԱԱԽ քարտուղարն առաջարկել է անցկացնել աշխատանքային քննարկումներ տեղական շահառուների և ԵՄ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը հնարավորություն կընձեռի քայլ առ քայլ դիտարկել քաղաքացու և բեռների սահմանանցման գործընթացը, վեր հանել առկա հիմնախնդիրները և նախանշել լուծման ուղիները:

Ֆիլիպ Փիրսը տեղեկացրել է, որ ապագայում նախատեսվում է հիմնել սահմանների համալիր կառավարման հարցերով միջազգային խորհրդատվական խումբ, որն այդ հարցում կարող է կարևոր դերակատարություն ունենալ` մասնագիտական և փորձագիտական աջակցության տեսքով:

Քննարկվել է Հայաստանում Արևելյան Գործընկերության, ԵՄ անդամ և այլ երկրների մասնակցությամբ սահմանների համալիր կառավարմանը նվիրված միջազգային համաժողովի կազմակերպման հարցը, որի ընթացքում կներկայացվի այս ոլորտում առաջընթացը, կիրականացվի լավագույն փորձի փոխանակում և կծավալվեն քննարկումներ սահմանների կառավարմանն առնչվող հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---