15 հուլիսի 2011 - 15:28 AMT
Վիկ Դարչինյան. Ես վաղուց էի ցանկանում մենամարտել հայրենիքում և 7 շաբաթ անց կուրախացնեմ երկրպագուներիս

«Արդեն 10 օր հետո ես և իմ թիմը կմեկնենք Ծաղկաձոր, որտեղ կսկսեմ պատրաստվել իմ հաջորդ մենամարտին, որը տեղի կունենա Երևանում: Հիմա ես նույնպես մարզվում եմ, բայց հիմնական աշխատանքը կկատարեմ Ծաղկաձորի բազայում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Պաուլյուս Ամբունդան (Նամիբիա): Մենամարտը կկայանա սեպտեմբերի 3-ին Երևանում: Դա կլինի առաջին պրոֆեսիոնալ մենամարտը, որը տեղի կունենա Հայաստանում:

Դարչինյանը գտնվում է Հայաստանում և հուլիսի 15-ին ներկա է գտնվել Հայաստանի բռնցքամարտի առաջնությանը, որն անցնում է «Դինամո» մարզասրահում:

«Ես վաղուց էի ցանկանում մենամարտել հայրենիքում և ուրախ եմ, որ արդեն 7 շաբաթ անց կուրախացնեմ իմ հայ երկրպագուներին»- ասել է Դարչինյանը: