15 հուլիսի 2011 - 21:11 AMT
Երևանում Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի կունենա «Դատախազության դպրոց» սեմինարը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յեհուդա Շեֆֆերին, ով Հայաստանում է գտնվում Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Կողմերը քննարկել են ինչպես ապօրինի կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտերի օրինականացման դեմ պայքարի առանձնահատկությունների, այնպես էլ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կողմերը ընդգծել են նաեւ հուլիսի 16-ին կայանալիք սեմինար-քննարկման կարեւորությունը, որը տեղի կունենա «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում՝ իրավապահ մարմինների, ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների եւ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախատեսվում է, որ սեմինար-քննարկմանը զեկույցով հանդես կգա Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յ.Շեֆֆերը, որին կհաջորդի նշված հանցատեսակի դեմ պայքարը կարգավորող օրենսդրությանը եւ դրա կիրառման ընթացքում ի հայտ եկող վիճահարույց հարցերի քննարկումը: