Շուշիում մեկնարկում է «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը

Շուշիում մեկնարկում է «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-29 Շուշիում տեղի կունենա «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիպոզիումը` նվիրված շուշեցի քանդակագործին: Հավաքին, որն Արցախում անցկացվում է առաջին անգամ, մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ իտալացի 22 քանդակագործներ և նկարիչներ,որոնց թվում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովաննելլին և Լուիզա Մորոնին: Սիմպոզիումի պատվավոր հյուրը կլինի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջեռարդո Լո Ռուսսոն:

Ծրագրի կազմակերպիչ, քանդակագործ Վիգեն Ավետիսը նշեց, որ նման մեծ հետաքրքրություն չէր սպասում. «Շատ ուրախ ենք, որ բոլոր պատկան մարմիններն արագ արձագանքեցին և օգնեցին մեզ կյանքի կոչել այս սիմպոզիումը: Շուշին կզարդարվի տաղանդավոր քանդակագործների աշխատանքներով և կդառնա թանգարան բաց երկնքի տակ: Այս միջոցառումը կնպաստի Արցախի միջազգային հեղինակության բարձրացմանը և հուսանք, որ մյուս տարի այս հավաքին Ղարաբաղը, որպես անկախ պետություն, կմասնակցի որպես առանձին կողմ» , - նշեց Ավետիսը:

15 արվեստագետներն ազատ թեմայով կկերտեն քանդակներ Շուշիի կրաքարից` նվիրելով քաղաքին: Նյութի ընտրությունը խորհրդանշական է այն առումով, որ այդ քարից է կառուցված Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին:

Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերեն, իտալերեն և անգլերեն լեզուներով կատալոգում` արվեստի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ: Իտալական «Studio Quagli» կողմից կնկարահանվի նաև վավերագրական ֆիլմ և կցուցադրվի «Rai 1» հեռուստատեսությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---