19 հուլիսի 2011 - 16:31 AMT
Anonymous հաքերային խումբը գործարկում է իր սեփական սոցիալական ցանցը` AnonPlus

Հաքերային Anonymous խումբը պատրաստվում է ստեղծել սեփական AnonPlus կոչվող սոցիալական ցանցը։ Նախաձեռնությունը մեկնարկեց, երբ Google արգելափակեց Anonymous-ի Google+ էջը, որը կոչվում էր Your Anon News։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Ներկայումս, AnonPlus.com-ն ընդամենը սովորական էջ է, որը տեղեկություններ է պարունակում սոցիալական ցանց ստեղծելու խմբի դրդապատճառների մասին ։

«Բարի գալուստ հեղափոխություն։ Մեր խումբը նպատակ ունի խափանել կառավարության գրաքննությունը», -գրված է AnonPlus.com –ում։

Այնտեղ նաև նշված է, որ իրենց նախագիծը գործարկվելու է մի օր՝ հանկարծակի և գիշերը։

Անցած ամիս Anonymous-ը DdoS հարձակման էր ենթարկել մի շարք թուրքական պետական կայքեր, որոնց թվում էր ինտերնետը կարգավորող մարմնի կայքը։ Anonymous խումբը պայքարում է թուրքական կառավարության կայքերը գրաքննելու որոշման դեմ։ Վերջիններիս մեղադրում են նաև մի շարք բանկերի և ընկերությունների կայքերի վրա հարձակումների համար, ինչպես օրինակ Sony ընկերության PlayStation Network-ն էր։ Վերջերս Anonymous-ը գողացել էր ԱՄՆ-ի կառավարության սերվերներից 4Գբ փաստաթղթեր։ Ըստ լուրերի, Anonymous-ը նաև կապ ունի մեկ այլ հաքերային խմբի՝ LulzSec-ի հետ։