20 հուլիսի 2011 - 13:39 AMT
Անտառահատումների պատճառը Հայաստանում բնակչության վատ սոցիալական պայմաններն են

Հայաստանը դասվում է սակավանտառ 70 երկրների շարքին, հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՈԿԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Ըստ նրա, դարեր շարունակ երկրի անտառային տարածքները կրճատվել են տարբեր պատճառներով, ընդ որում տվյալ պահի դրությամբ անտառների 28 տոկոսը վատ վիճակում է ըստ լրիվության ցուցանիշի:

Անդրադառնալով ապօրինի անտառահատումներին՝ մասնագետը նշել է, որ դա անբարենպաստ սոցիալական պայմանների հետևանք է: Նա հայտնել է, որ Համաշխարհային բանկը հետազոտությունների համաձայն 1 մլն խմ անտառահատում է կատարվել 2003թ., որից 300 հազար խմ օգտագործվել է բիզնեսի նպատակով, իսկ այժմ այդ ցուցանիշը կազմում է 400 հազար խմ:

Ինչպես ասել է Ռուբեն Պետրոսյանը, անտառների վերականգնման ու ծառատունկի համար 2003թ. պետբյուջեից հատկացվել է 178 մլն դրամ, իսկ 2006-2009թթ. ամենամյա մոտ 1,5 մլրդ դրամի ֆինանսավորման արդյունքում ապօրինի ծառահատումները նվազել են, դրան է նպաստել նաև գազաֆիկացումը: 2010թ. արձանագրվել է 1750 ապօրինի ծառահատման դեպք, հարուցվել են քրեական գործեր: Ըստ նրա, վերջին երեք տարում ստեղծված նոր անտառները՝ շուրջ 3700 հա, լուրջ խնդիրներ ունեն, ենթակա են դեգրադացիայի: