20 հուլիսի 2011 - 13:41 AMT
Հայաստանում 2011թ-ի 6 ամիսների ընթացքում երեխաների կողմից իրականացված հանցագործությունների թիվը նվազել է

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ` 2011թ-ի վեց ամիսների ընթացքում երեխաների կողմից իրականացված հանցագործությունների թիվը Հայաստանում նվազել է 17-ով, իսկ անձերի թիվը` 26-ով:

«Բռնության դեպքերը մեր երկրում դեռ ամփոփված չեն: Երեխաների նկատմամբ իրականացված բռնության աճ չկա, բայց, ցավոք սրտի, նվազում էլ չի նկատվում: Շարունակվում են նրանց նկատմամաբ ֆիզիկական և սեռական տարբեր տեսակի բռնությունները, ինչպես ընտանիքից դուրս, այնպես էլ ընտանիքում», - նշում է Դուրյանը:

Ըստ նրա, վիճակագրական տվյալները չեն կարող ստույգ ներկայացնել բռնությունների ամբողջ պատկերը, քանի որ մասնավորապես ընտանիքներիում իրականացվող բռնությունները շատ դեպքերում չեն բարձրաձայնվում: «Մենք քրեական օրենսգրքում ունենք համապատասխան հոդվածներ բռնության դեմ պայքարելու համար: Ընթանում է ընտանեկան բռնության օրենքի մշակման գործընթացը: Հայաստանի ոստիկանության փորձագետները մասնակցել են Եվրամիության ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի կոնվենցիայի մշակման աշխատանքներին»,- նշեց Դուրյանը:

Լոռու մարզում իրականացվում է փորձնական ծրագիր`«Save the children”, և փորձում են բացահայտել բռնության վաղ փուլերը: Դուրյանի հավաստմամբ,եթե ծրագրի արդյունքը դրական լինի, կիրականացվի նաև այլ մարզերում. “Հուլիսի 15-16 իրականացրել ենք լայնածավալ ստուգայցեր, որոնց նպատակն էր բացահայտել մուրացկանությամբ և տարբեր աշխատանքներով զբաղվող երեխաների”: