20 հուլիսի 2011 - 17:55 AMT
«ՀԷՑ»-ը կներկայացնի Հայաստանը European Business Awards մրցանակաբաշխությանը

HSBC խմբի կողմից հովանավորվող European Business Awards-ն (EBA) հայտարարել է այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) կներկայացնի Հայաստանը 2011 թվականի եվրոպական մրցանակաբաշխությանը: Վերջնական հաղթողների ցուցակը հայտնի կդառնա 2011 թվականի նոյեմբերի 22-ին Բարսելոնայում: EBA ընտրություն է կատարել լավագույն բիզնես կառույցների միջև և հիմնվել երեք չափորոշիչների վրա. ձեռքբերումներ նորարարությունների բնագավառում, բիզնեսի կատարելագործում, էկոլոգիական ու սոցիալական կայունություն:

«ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ասել է. «Մեզ համար շատ հաճելի է անցնել այս փուլը, որը վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնացել: Հպարտ ենք նաև այն փաստով, որ ՀԷՑ-ը ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակի վրա: Բիզնեսի բնագավառում այս հաղթանակը մեծ պատիվ ու կարևոր ելակետ է, որը նոր հեռանկարներ կբացի մեզ համար»: «ՀԷՑ» ֆինանսների և էկոնոմիկայի տնօրեն Կոնստանտին Ֆեֆիլովը հավելել է.«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու Հայաստանը: Մեր ընկերությունն արդեն 8 տարի է աշխատում է էլեկտրաէներգիայի բաշխման բնագավառում և մեզ համար մեծ պատիվ է լինել մեր երկրի և ոլորտի առաջատար կազմակերպությունների շարքում: EBA-ի կողմից ընտրված ընկերությունները Եվրոպայում ամենադինամիկ կերպով զարգացող ընկերություններից են: Մենք անհամբեր սպասում ենք մրցույթի հաջորդ փուլին, որտեղ մեզ սպասում է «Պատվո ժապավենին» (Ruban d’Honneur) արժանանալու համար պայքարը, այնուհետև նաև հաղթանակը «Էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության» անվանակարգում»:

EBA-ի նպատակներից մեկը ընկերությունների առաջընթացի ու գործունեության թափանցիկության մակարդակի բարձրացումն է, որոնք առանձնանում են նորամուծությունների ներդրմամբ արդյունավետ առևտրային արդյունքների հետ միասին` ապահովելով դրական ու պատասխանատու ազդեցություն այն սոցիալական միջավայրի վրա, որտեղ ծավալում են իրենց գործունեությունը: 2010 թվականին EBA-ին են արժանացել 766 մլրդ եվրո (ԵՄ ՀՆԱ-ի 6%) եկամուտ և ավելի քան 3,5 մլն աշխատակից ունեցող ձեռնարկություններ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: