20 հուլիսի 2011 - 19:08 AMT
ԱՄՆ Կոնգրեսը կփորձի հատուկ ուղղումով ստիպել Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները

Հուլիսի 20-ին Կիպրոս ներխուժելու 37-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի կարևորագույն հանձնաժողովներից մեկը քվեարկություն է անցկացնելու հատուկ շտկման շուրջ, որի նպատակն է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան դադարեցնի ճնշումները երկրի քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ և կոչ անի վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներն իրական տերերին: Ինչպես հաղորդում է Armenia Weekly-ն, Կապիտոլիումի բլուրի աղբյուրի համաձայն,Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամները մտադիր են քվեարկություն անցկացնել հավատի ազատության մասին բանաձևում: Ուղղումները, ինչպես նաև 306 բանաձևի ուղղումները կառաջարկվեն ի լրումն Պետդեպարտամենտի մասին օրինագծին, որը քննարկվելու է նույն օրը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սկսում է Հեռաձայնիր այսօր՝ Call TODAY ակցիան: Ակցիայի նպատակն է հորդորել ԱՄՆ կոնգրեսականներին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս իրական տերերին վերադարձնի քրիստոնեական եկեղեցիները: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին միավորվել՝ պահանջելով Թուրքիայից վերադարձնել հայկական և այլ քրիստոնեական եկեղեցիներն օրինական տերերին»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունը նաև կոչ է արել իր կողմնակիցներին ակտիվացնել գործողությունները մինչև հուլիսի 20-ը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ միասին ներկայացրել է 306 բանաձևը՝ կոչ անելով կասեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: