2011-ի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնողների թիվը 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում: ՀՀ նախագահը հայտնել է, որ 2011-ի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնողների թվաքանակն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը:

«Սա որևէ նոր միտում չի ենթադրում և ամբողջությամբ համապատասխանում է անցած տարիների միտումներին, սակայն այն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Դա հիմնականում պետք է բացատրել այն հանգամանքով, որ համաշխահային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետևանքները, և, մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է և տեղի ունի աշխատանքային միգրացիայի տեմպերի աշխուժացում: Հետևաբար 2011-ին պետք է ակնկալել արտագնա աշխատանքից նաև բնակչության եկամուտների աճ: Այդուհանդերձ, Հայաստանից դուրս, օտար ափերում հաջողություններ փնտրողների թվաքանակը պետք է համարել մեծ, և մենք պետք է, իհարկե, լուրջ անհանգստանանք այս խնդիրներով ու բազմապատկենք մեր ջանքերը բարեփոխումների արագացման գործում: Միակ գործոնը, որ կարող է իսպառ բացառել Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվաքանակի բացասական տարբերությունը` մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչպիսի պայմանների համար մարդիկ հեռանում են երկրից: Այլ ճանապարհ չկա: Իսկ մինչ այդ, բնականաբար, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք այդ ընթացքը կասեցնելու ուղղությամբ: Գիտեմ, որ այս ուղղություններով բազմաթիվ ծրագրեր են մշակվում: Այսօր հենց դրա համար ենք հավաքվել, որպեսզի քննարկենք առկա խնդիրները և մեր առաջիկա քայլերը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է ՀՀ կառավարության կողմից պետական հայեցակարգի շրջանակներում իրականացվող աշխատանքների և նախատեսված ծրագրերի մասին, այդ թվում` միգրացիոն ծառայության 2011թ. գերակա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի, ս.թ. օգոստոսին կառավարության հաստատմանը ներկայացվելիք Միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրագործումն ապահովող գործողությունների ազգային ծրագրով նախատեսվող միջոցառումների մասին:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ նախագահի կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ կներկայացվի հստակ միջոցառումների ծրագիր և մոտակա ամիսներին լայն քննարկումներ կկազմակերպվեն մարդկանց այսօր այդքան մտահոգող վերոհիշյալ հարցերին հավաստի, սպառիչ և ամբողջական պատասխաններ տալու և այս թեմայով անհարկի շահարկումները բացառելու համար:

Խորհրդակցության մյուս մասնակիցները յուրաքանչյուրն իր մասով ներկայացրել են միգրացիոն իրավիճակի վերաբերյալ իրենց դիտարկումները, ձեռնարկվող քայլերն ու ծրագրերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---