21 հուլիսի 2011 - 14:56 AMT
Ղարաբաղյան պատերազմի վետերաններն անհանգստացած են հակամարտության կարգավորման գործընթացով

Հուլիսի 21-ին ավելի քան 50 ՀԿ-ների ղեկավարներ, ավելի քան 100 կամավորական ջոկատի հրամանատարներ հանդես են եկել հայտարարությամբ` իրենց անհանգստությունը հայտնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում «Գոյամարտ» համահայկական կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանը, ազատամարտիկներն անհանգստացած են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացով, հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի սպառնալիքներով, Կազանում ներկայացրած Բաքվի նոր պահանջներով:

Իրենց հայտարարությունում ղարաբաղյան պատերազմի վետերանները ԵԱՀԿ Միսնկի խմբից պահանջել են վերանայել երեք հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկվել են հակամարտությունը լուծելու համար, և հարցն իրավական դաշտ տեղափոխել: Վետերանները պահանջել են ՄԱԿ-ից զերծ մնալ հարցերի քննարկումից, որոնք ոչ մի հիմք չեն ունեցել և չեն ուսումնասիրվել: Բացի դրանից, նրանք պահանջել են քեմալական Թուրքիայից և Ադրբեջանից դադարեցնել ցեղասպանության և ռասիզմի քաղաքականությունը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի ղեկավարությանը, ապա վետերանները պահանջել են նախագահ Սերժ Սարգսյանից հայկական կողմի պահանջները ներկայացնել բանակցային գործընթացում, հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, ինչպես նաև ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ խորհրդարանից և դրանք անվավեր ճանաչել: «Իսկ պատերազմով սպառնացող Բաքվին զսպելու համար մենք պահանջում ենք մեր զորավարժությունների ընթացքում ներկայացնել մեր նոր ձեռքբերումների կործանարար հնարավորությունները»,- ասվում է հայտարարությունում: Նրանք նաև նշել են, որ բոլոր վետերանները պատրաստ են կատարել Հայաստանի գերագույն հրամանատարի բոլոր հրամանները:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: