21 հուլիսի 2011 - 15:14 AMT
Րաֆֆի Նիզիբլյան. System of a Down-ը սեպտեմբերին հաստատ համերգ չի տալու Երևանում

Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողության մանրամասներին նվիրված ասուլիսի ժամանակ «Ֆյուջիթիվ Սթուդիոս» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կուպելյանը նշեց, որ System of a Down խմբի՝ Երևանում համերգով հանդես գալու լուրերը չեն կարող ճշմարիտ լինել։«Այս պահին Հայաստանում ոչ մի ընկերություն բանակցություններ չի սկսել System of a Down խմբի մենեջմենթի հետ։ Եթե ցանկանում եք, կարող եք հարցնել հենց Սերժ Թանկյանին, նա 3 շաբաթից այստեղ է լինելու մենահամերգով»,-ասաց Արմեն Կուպելյանը։

«Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ բոլոր լուրերն այն մասին, թե System of a Down-ը Երևան է գալու սեպտեմբերի 21-ին, չեն համապատասխանում իրականությանը. «Ես հաստատ ասում եմ, սեպտեմբերին System of a Down-ը համերգ չի տալու Երևանում։ Եթե նման բան լիներ, System of a Down-ի կայքում համերգների ցանկում նշված կլիներ Հայաստանը»։

Ինչպես նշեց Րաֆֆի Նիզիբլյանը, Սերժ Թանկյանի և System of a Down-ի մենեջմենթը տարբեր մարդիկ և տարբեր ընկերություններ են իրականացնում։

Ավելի վաղ հունիսի 20-ին Youtube-ում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ SOAD բաս-կիթառահար Շավո Օդաջյանը երկրպագուներին ասել է, որ խումբն ուրախ է համերգով Մոսկվա այցելելու համար և շուտով այն լինելու է նաև Հայաստանում: Ըստ լուրերի, խումբն ամբողջ կազմով առանձին համերգով հանդես կգա Հայաստանում 2012 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Սերժ Թանկյանը օգոստոսի 14-ին Երևանում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությունից հետո հանդես կգա բացօթյա անվճար մենահամերգով։ Սերժ Թանկյանը մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: