21 հուլիսի 2011 - 15:32 AMT
Հայաստանում շուրջ 350 չհաշվառված երեխաներ ստացել են ծննդյան վկայականներ

ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների պարտադիր հաշվառման ծրագրի իրագործման արդյունքում 350-400 երեխաներ ստացել են ծննդյան վկայականներ: Այդ մասին հուլիսի 21-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է Հայաստանի տարածքային կառավարամն նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժինների կողմից 2011թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է մինչև 16 տարեկան 371 հազար 448 երեխա: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը: Երեխաները կազմում են բնակչության ընդհանուր թվաքանակի մոտ 11.6 տոկոսը:

Հաշվառման գործընթացի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները նշված ժամանակահատվածում իրականացրել են օրենքով նախատեսված ժամկետի բացթողումով 1-18 տարեկան երեխաների 289 ծննդի պետական գրանցում, որից 55-ը` Երևան քաղաքում: Այսինքն, այդ երեխաներն ընդհանրապես ծննդյան վկայական չեն ունեցել:

Հանրապետությունում երեխաների չհաշվառման և ծննդյան վկայական չունենալու դեպքերը բացառելու նպատակով նախատեսվում է, որ 2011-2012թթ. ուստարում ուսումնական հաստատություններում առաջին դասարանցի երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանքy: