21 հուլիսի 2011 - 16:19 AMT
Թումո կենտրոնի բացման արարողության ժամանակ կներկայացվի եռաչափ (3D) պրոեկցիա

Հուլիսի 21-ին կայացած մամլո ասուլիսում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց կենտրոնի բացման արարողությանը նվիրված միջոցառումների շարքը։

Կենտրոնի բացման միջոցառումները շարունակվելու են 3 օր։ Մեկնարկելով օգոստոսի 12-ին և 13-ին՝ Թումոյի բակում բացօթյա համերգով հանդես կգա «Ռեինկարնացիա» հայկական ռեգի խումբը, ինչպես նաև կլինի էլեկտրոնային երաժշտության երեկո ԱՄՆ-ից հրավիրված DJ-ի մասնակցությամբ։ Կկայանան մի շարք միջոցառումներ, որոնք առավելագույնս կարտահայտեն Թումոյի գործունեությունը։

Թումոյի աշխատակիցներից Նիկոլայ Հարությունյանն ասաց, որ Թումոյի շենքի արտաքին պատի ճակատամասի վրա երեկոյան ժամերին կներկայացվի հատուկ մեծ խաղ։ «Խաղին կկարողանա մասնակցել 2000 մարդ, ում կտրվեն փոքր լուսավոր փայտիկներ, որոնց միջոցով նրանք կկարողանան մասնակցել խաղին։ Disney-ից Ալեքս Սերոբյանի նախաձեռնությամբ, խաղի նախկին փորձարկումներին մասնակցած երիտասարդները թիմ են կազմել և աշխատում են խաղի վրա։ Խաղը յուրահատուկ է և աշխարհում հավանաբար նման բան չի եղել»,- ասաց Նիկոլայ Հարությունյանը։

Բացման միջոցառումների ժամանակ Թումոյի շենքի ճակատին կկատարվի նաև յուրահատուկ եռաչափ (3D) հոլովակի արտապատկերում (պրոեկցիա)։

Իսկ օգոստոսի 14-ին արդեն բացման արարողությանը կհաջորդի աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ, ամերիկահայ Սերժ Թանկյանի համերգը։ Սերժ Թանկյանը հանդես կգա Թումո կենտրոնի մոտ՝ բացօթյա անվճար համերգով մինչև 20 000 հանդիսատեսի համար։ Սերժ Թանկյանի համերգի բացումը կանի հայկական «Դորիանս» ռոք խումբը:

Օգոստոսի 15-ին ժամը 13։00-ից սկսած Թումո կենտրոնը կմեկնարկի երեխաների գրանցումը, իսկ դասերը կմեկնարկեն սեպտոմբերի 1-ին։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ նախատեսված 12-18 տարեկան պատանիների համար, հագեցած է առաջատար թվային տեխնոլոգիաներով, համալրված է ուսուցանող մասնագետներով: Թումոյի կրթական ծրագրում ընդգրկվել են պատանիների համար գրավիչ և հեռանկարային 4 ոլորտներ՝ թվային մեդիա, անիմացիա, խաղերի ստեղծում և կայքերի մշակում։ Թումոյում ուսումն անվճար է և բոլորի համար է։