21 հուլիսի 2011 - 17:35 AMT
Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հավանական վարողներից է

Հայտնի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի վարողների հավանական թեկնածուներից մեկն է: Այդ մասին լրագրողներին հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Գասպարյանը նաև հավելեց, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցների քանակը, տեխնիկական հարցերը, բեմը, համերգային մասը և նման այլ կազմակերպչական հարցերը առայժմ նախապատրաստական փուլում են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կամ Թուրքիայի մասնակցությանը մրցույթում, Գասպարյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շրջանակներում սպասվում է մոտ 500 պատվիրակության անդամներ:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոններով պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: