Ռուբեն Մելքոնյան. Թուրքիային եկեղեցիները վերադարձնել պարտավորեցնող ուղղումներն ուշացած են

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիային եկեղեցիները վերադարձնել պարտավորեցնող ուղղումներն ուշացած են

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ուղղումների ընդունումը, որոնք պարտավորեցնում են Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները, ուշացած էր: Այն ավելի շատ քաղաքական առևտրի հարց է, քան հայամետ քայլ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, այդ որոշումը Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշման լծակ է: Նա հավելել է, որ այդ որոշման միակ դրական կողմն այն է, որ այլ միջազգային կազմակերպությունները կարող են հետևել ԱՄՆ օրինակին և նույնպես նմանատիպ ուղղումներ մտցնել, որի արդյունքում քրիստոնեական եկեղեցիները կարող են ստանալ ինչ-որ կարգավիճակ կամ վերադարձվել իրենց իրական տերերին:

Ռուբեն Մելքոնյանը նաև նշել է, որ Թուրքիան, կանխազգալով վտանգը, սկսել է ինչպես հայկական, այնպես էլ հունական եկեղեցիների վերականգնումը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ երկիրն անտարբեր չէ պատմական հուշարձանների հանդեպ:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որոնց հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևում նախաձեռնողները կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հուլիսի 19-ին մեկնարկել է Հեռաձայնիր այսօր՝ Call TODAY ակցիան, նպատակ ունենալով հորդորել կոնգրեսականներին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս վերադարձնի քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---