25 հուլիսի 2011 - 11:51 AMT
Լեհաստանի նախագահը շրջագայում է Հարավային Կովկասով

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ժամանել է Հարավային Կովկաս: Այս պահի դրությամբ նա գտնվում է Ադրբեջանում: Բաքվում Լեհաստանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն ու այլ պաշտոնյաներ:

Հուլիսի 26-ին Բրոնիսլավ Կոմորովսկին կայցելի Վրաստան: Ինչպես հայտնում է «Թրենդը», նա Միխայիլ Սահակաշվիլու անձնական հյուրն է ու Վրաստան է այցելել Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում: Կոմորովսկու հանդիպումները Վրաստանի առաջին դեմքերի հետ տեղի կունենան Բաթումում: Նախագահից բացի, Կոմորովսկին կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ: Հանդիպմանը կքննարկվեն վրաց-լեհական համագործակցության հարցեր, ինչպես նաև Լեհաստանի աջակցությունը Վրաստանին եվրաինտեգրման հարցերում: Սա Կոմորովսկու առաջին այցն է Վրաստան:

Հուլիսի 28-ին Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:

Առաջին անգամ Կոմրովսկին այցելեց Երևան՝ Աֆղանստանից վերադառնալիս, երբ դեռ նախագահի պաշտոնակատար էր, 2010թ. հունիսի 21-ին: Այն ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում նա հանդիպեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: