25 հուլիսի 2011 - 14:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իրանի պատմական հայկական տարածքներում մինչ օրս հիշում են «պատմական տերերի» մասին

Իրանի տարածքում գտնվող հայկական պատմական հողերի բնակիչները հատուկ շեշտում են, որ ապրում են հայկական հողում: Այդ մասին լրագրողներին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով, այդ հողերում այսօր համարյա հայ չի ապրում, փոխարենը ապրում են քրդեր և ազերիներ: Հուշարձանագետը, ով շուրջ մեկ ամիս ուսումնասիրություններ է կատարել այդ տարածքներում, ասաց, որ բացարձակ խնդիր չի եղել տեղի բնակիչների հետ: Նրանք թույլատրել են ուսումնասիրել իրենց տները, մտնել գերեզմանոցներ: «Նույնիսկ հայկական եկեղեցիներից մեկի բանալիները տեղի ազերի բնակչի մոտ էր, ով առանց որևէ խնդրի բացեց և ցույց տվեց այն մեզ: Վերջում էլ շեշտեց, որ սա հայկական հող է», -ասաց հուշարձանագետը: Սամվել Կարապետյանի համար դա մեծ անակնկալ էր, քանի որ դա Արևմտյան Հայաստանը չէ, որը 100 տարի չկա, ինչ հայաթափվել է, այլ մի վայր է, որը 5-րդ դարից պետականություն չի ունեցել, իսկ հիշողությունը պահպանվել է:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակազմը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հունիսի 10-ից հուլիսի 10-ը եղել են ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության մեջ ընդգրկված պատմական հայկական գավառներում և կատարել հայկական հուշարձանների որոշ ուսումնասիրություններ: Նրանք եղել են Ղարադաղ (Պարսպատունիք), Մակու (Արտաս), Խոյ (Հեր) և Սալմաստ (Զարևանդ) գավառներում: Ժամանակի սղության պատճառով ուսումնասիրություններ չեն կատարել Ուրմիա գավառում:

Կարապետյանի խոսքով, նշված տարածքներում հուշարձանների քանակը նույնն է, ինչ ներկայիս Հայաստանի մարզերում: Ընդհանուր թվով կատարվել են 6000 լուսանկարներ և արձանագրվել է շուրջ 4500 հուշարձան: Կարապետյանի խոսքով, դա երևի հուշարձանների միայն մեկ երրորդն է և մինչև 2013թ. ուսումնասիրությունները կշարունակվեն: Կհրատարակվեն նաև ուսումնասիրությունների արդյունքները:

ՖՈՏՈՇԱՐՔ