25 հուլիսի 2011 - 14:25 AMT
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է Պարույր Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը

Հուլիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մամբրեի Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը:

Պ. Մուրադյանը ծնվել է 1933թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում: 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը: 1953-58 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժնում: 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում` ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով:

1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում: 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով: 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր: Հայագիտության համար խոշոր երևույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը:

Մնայուն և գիտական մեծարժեք հետազոտություններ են «Armeno-Georgica» մատենաշարով հրապարակված Պ. Մուրադյանի մենագրությունները` Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Վրաստանի հայերեն արձանագրությունները (2 հատոր), Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները:

Պ. Մուրադյանը թողել է ավելի քան 300 տպագիր գիտական աշխատություն: