25 հուլիսի 2011 - 14:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այս տարվա սեպտեմբերից ԵՊՀ-ում կուսուցանվի Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթություն և գրականություն

Հուլիսի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ՀՀ Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Մալհոտրայի միջև: Ըստ հուշագիր, ԵՊՀ-ում կբացվի ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն:

Արդեն 2011 թ. սեպտեմբերից կենտրոնը կգործի արևելագիտության ֆակուլտետում և 4 տարի ժամկետով Հնդկաստանից կժամանի պրոֆեսոր, ով, բացի լեզվի ուսուցումից, դասախոսություններ կկարդա Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության և գրականության մասին:

«Սեպտեմբերի վերջին մեր համալսարանում կբացվի հայ-հնդկական բարձր տեխնոլոգիական կենտրոն, որից կարող են օգտվել ոչ միայն ուսանողները: Սրանով երկու երկրների կրթական կապերը դրվում են իրավական հիմքի վրա: Հուսանք, մոտ ժամանակում արդեն կլինի ընդունելություն և ֆակուլտետում կստեղծվի առանձին բաժին», - նշեց Սիմոնյանը:

Դեսպան Մալհոտրան կարևորեց նման համագործակցությունը, որը կնպաստի երկու երկրների միջև եղած բարեկամության ամրապնդմանը: «Սա հնարավորություն կտա ավելի զարգացնել տուրիզմը և մշակութային սերտացումը»,- նշեց նա:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ արևելագիտության ֆակուլտետում կբացվի նաև ադրբեջաներեն լեզվի ամբիոն:

ՖՈՏՈՇԱՐՔ