25 հուլիսի 2011 - 15:05 AMT
«Նարեկացի» արվեստի միությունը կհյուրընկալի ֆրանսահայ նշանավոր արվեստի գործիչ Ժիրայր Փափազյանին

Հուլիսի 26-ին, «Հանդիպում ականավոր մարդկանց հետ» շարքի շրջանակներում, «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում կայանալու է հանդիպում-կինոդիտում ֆրանսահայ նշանավոր բեմադրիչ, դերասան և թարգմանիչ Ժիրայր Փափազյանի հետ: Վերջինս հանդիսատեսին կներկայացնի ռեժիսոր Լևոն Միանսյանի` միջազգային մի շարք կինոփառատոների մրցանակակիր «Դաշնամուրը» կարճամետրաժ խաղարկային դրաման, որում Ժիրայր Փափազյանը հանդես է գալիս գլխավոր դերակատարմամբ: Հանդիպման ընթացքում Ժիրայր Փափազյանը կխոսի նաև իր ռեժիսորական գործունեության մասին, ինչպես նաև առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացնի հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» (Leblebidji) օպերետի` իր կողմից ադապտացված ֆրանսերեն տարբերակից: «Կարինե»-ի ֆրանսերեն լիբրետոյով համաշխարհային պրեմիերան տեղի է ունենցել միայն վերջերս` 2010 թվականի մայիսի 9-ին, Փարիզի Սեն-Մոր ազգային թատրոնում:

Ժիրայր Փափազյանը ծնվել է 1952 թ. Եգիպտոսում, հայ արվեստագետների ընտանիքում: 1976 թվականից դերակատարումներով և բեմադրություններով հանդես է եկել DEA թատրոնում: 1980 թ. Միչիգանի (ԱՄՆ) օպերային թատրոնում բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, ապա մինչև 1990 թ. աշխատել է Հոլիվուդում: 1986 թ. բեմադրել է «Արարատի երգը» (հայկական պոեզիայի ներկայացում), որտեղ հանդես է եկել դերասանուհի Նորա Արմանիի հետ: Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել Էդինբուրգի, Ավինյոնի փառատոներում և այլուր, արժանացել մրցանակների: 1990 թ. հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ 1997 թ. հիմնել է «Տիգրան Չուխաջյան» հետազոտական կենտրոնը: 1998-2001 թթ. վերականգնել և հրատարակել է Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: 2000 թ. ֆրանսերեն է թարգմանել և բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը:

2001 թ. Սան Ֆրանցիսկոյի օպերայում բեմադրել է «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: Նույն թվականին Միչիգանի օպերային թատրոնում իրականացրել է «Անուշի» երկրորդ բեմադրությունը:

Հոլիվուդում Ժիրայր Փափազյանը նկարահանվել է Բիլ Փուլմանի, Ջերալդ Հիքենի, Ադամ Արքինի, Թիմ Ռոբինսի, Ֆիլիպ Բեյքեր Հոլի, Սթիվեն Բաուերի, Ջինա Գերշոնի, Ռիչարդ Դին Անդերսոնի, Թայն Դեյլիի, Շերոն Գլեսսի և Ռութգեր Հաուերի հետ: Ներկայացումներով հանդես է եկել այնպիսի ականավոր թատրոններում, ինչպիսք են` Մարկ Տայփեր Ֆորումը, Անսամբլ թատրոն-ստուդիան, Փասադենայի դրամատիկական թատրոնն ու Լոս Անջելեսի Շոնբերգի դահլիճը: