25 հուլիսի 2011 - 15:55 AMT
«Վորլդ Վիժնը» ավարտեց իր եռամյա, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագիրը

2011թ. հունիսին ավարտվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Վորլդ Վիժն» կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագիրը, որն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի ներառական և հասանելի հասարակության ստեղծմանը: Եռամյա այս ծրագիրը խթանում էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը և ուղղված էր Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների (ՀՈՒԱԿ) և ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը` պետական մարմինների հետ համագործակցելու և Հայաստանում հաշմանդամների իրավունքների մասին հանրային իրազեկման բարձրացման նպատակով:

Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել է կայք Հաշմանդամության ազգային կոմիտեի համար, որը միավորում է բոլոր շահագրգիռ ՀԿ-ներին և ՀՈՒԱԿ-ներին և նպաստում նրանց գործունեության համակարգմանը: Հաշմանդամություն ունեցող 1503 երեխա հետազոտվել է բազմամասնագիտական խմբի կողմից` երեխաների կրթական կարիքների բացահայտման և նրանց համար անհատական ուսումնական ծրագիր կազմելու նպատակով: Բացի այդ, ծրագրի շրջանակում հրապարակվել է ներառական կրթության վերաբերյալ հինգ դասագիրք և 25 հանրակրթական դպրոցներում սայլակների մուտքն ապահովող հարթակներ են տեղադրվել:

Շարունակելով իր գործունեությունը այս ոլորտում, ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է սկսել նոր ծրագիր, որը կխթանի Հայաստանում հավասար զբաղվածության հնարավորությունները և կաջակցի հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկմանը աշխատանքային շուկա: