25 հուլիսի 2011 - 16:15 AMT
Աղբահանության վերահսկողության նպատակով աղբատարների վրա տեղադրվել է GPS համակարգ

Մայրաքաղաքի 2011թ.-ի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի վարչական շրջաններ կատարած աշխատանքային շրջայցերին, քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում լուծում տալ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները շարունակում են վերականգնել վթարները վերացնելու արդյունքում փողոցների վնասված հատվածները: Զեկուցվել է, որ «Երևանջուր» ընկերության կողմից կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում վնասված 778 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 689 քմ-ն արդեն վերականգնվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` վնասված 90 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից արդեն վերականգնել է 69 քմ-ը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում վերակագնել ոչ միայն փողոցների այլև վթարների հետևանքով վնասված մայթերի հատվածները, լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:

Զեկուցվել է, որ աղբահանության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 11 աղբատար մեքենաների վրա արդեն տեղադրվել է GPS համակարգ:

Կանաչ գոտիների խնամքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակման ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համալիր ծրագիրը:

Երեկոյան ժամերին բակային տարածքներում բնակիչների հանգիստն ապահովելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այդ տարածքներում համապատասխան լուսավորություն ապահովելու նպատակով գույքագրել և «Երքաղլույս» ընկերությանը տրամադրել վնասված լուսատուներով բակային տարածքների մասին ամփոփ տեղեկատվություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: