25 հուլիսի 2011 - 16:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱԱԽ-ն ամփոփել է Հայաստան-ԵՄ համագործակցության 2011թ. I կիսամյակի աշխատանքները

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10-րդ նիստում: Նա մասնավորապես, ասել է. «Հավաքվել ենք ամփոփելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում 2011թ. I կիսամյակում կատարված աշխատանքները, և ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ 2011թ. մայիսի 20-ին ԵՄ-ն հրապարակեց Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որտեղ դրական գնահարականներ կան Հայաստան-ԵՄ գլոբալ քաղաքական համագործակցության վերաբերյալ»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, եթե զեկույցը համեմատենք մեր հարևան Ադրբեջանի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում արձանագրված առաջընթացը բավականին էական է: ԵՄ-ն ողջունել է Հայաստանում քաղաքական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, իշխանության և ընդդիմության միջև սկիզբ առած քաղաքական երկխոսությունը: «Եվրոպական հանձնաժողովը ողջունում է նաև մեր օրենսդրության ապաքրեականացման ուղղությամբ կատարված քայլերը` ապաքրեականացվել է զրպարտությունը, տնտեսական հանցագործությունների համար այսուհետ պատժի տեսակ է կիրառվելու բազմաթիվ ուղղություններով ոչ թե ազատազրկումը, այլ տնտեսական սանկցիաները, ինչը ԵՄ-ն նույնպես ողջունել է: Դրական առաջընթաց կա պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ օգոստոսի 25-ին ավարտվում է ՀՀ պետական սահմանի երեք անցակետերի համալիր բարեփոխմանն ուղղված ջանքերը, մասնավորապես մենք կունենանք ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնիկական առաջադրանք, անհրաժեշտ նախագիծ և հույս ունենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կմեկնարկի Վրաստանի հետ պետական սահմանի երեք խոշոր անցակետերի շինարարական աշխատանքները, որը հնարավորություն կտա մեր երկրում ներդնել մեկ պատուհան/մեկ կանգառ սկզբունքը և վերջ տալ նաև այն բազմաթիվ խոչընդոտներին և արգելքներին, որոնք այսօր առկա են պետական սահմանում, ԵՀ-ն նաև ողջունել է սահմանային անվտանգության ռազմավարությունը, որը հաստատվեց Հայաստանում: Դրական առաջընթաց կա արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում: Դրական առաջընթաց կա նաև այն առումով, որ Հայաստանում հաստատվեց որակի ենթակառուցվածքների զարգացման 2010-2020 թթ.. ռազմավարությունը»,- ասել է նա:

Ըստ ԱԱԽ քարտուղարի, դրական արձանագրումները ոգևորում են, բայց նաև ԵՀ-ն առաջարկել է բարեփոխումներն առաջ տանել շուրջ 10 ուղղություններով: Նրա խոսքով, հարկավոր է ամփոփել կատարած աշխատանքը, և քանի որ 2011թ ծրագիրը մոտենում է իր ավարտին, պետք է մտածել նոր ծրագրի մշակման ուղղությամբ 2012-14թթ համար:

ՖՈՏՈՇԱՐՔ