26 հուլիսի 2011 - 11:00 AMT
Երևանի քաղաքապետը կայցելի Պեկին իր չինացի պաշտոնակցի հրավերով

Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով գտնվելու է ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում` երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, քաղաքի պլանավորման, տրանսպորտի կառավաման, բարեկարգման և կանաչապատման, արտաքին լուսավորման և ձևավորման, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման, հյուրանոցաշինության, սոցիալական բնակֆոնդի կառուցման, «Արտսիթի» և «Նոյլենդ» ներդրումային ծրագրերին չինական կողմի ներգրավման, Պեկինում Երևանի տան և Երևանում Պեկինի տան հիմնման հնարավորության հարցերը: