26 հուլիսի 2011 - 12:23 AMT
Շախմատի ԱԱ արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել Չինաստանի և Ուկրաինայի շախմատիստները

Չինական Նինբոյում ավարտվել են շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրի բոլոր հանդիպումները: Չեմպիոնի տիտղոսը 14 թիմային և 22,5 անձնական միավորով նվաճեց Հայաստանի հավաքականը: Նրան հաջորդում են Չինաստանի և Ուկրաինայի հավաքականները:

Վերջին տուրում Չինաստանը 2,5:1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի հավաքականին և 13 միավորով նվաճեց արծաթը: Բրոնզը բաժին հասավ Ուկրաինայի հավաքականին, որը ոչ ոքի խաղաց Հայաստանի հավաքականի հետ և նվաճեց 12 միավոր:

10-ական միավոր են վաստակել և զբաղեցրել 4-6 տեղերը Հունգարիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հավաքականները: Ադրբեջանցիներին հաջողվեց վաստակել ընդամենը 9 միավոր, նրանք 7-րդ տեղում են:

Իսրայելն ու Հնդկաստանը 5 միավորով ավարտեցին ելույթները համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղում: Աղյուսակն առանց միավորների եզրափակում է Եգիպտոսի հավաքականը: