ՀԱԿ-ն անհրաժեշտ է համարում հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ

ՀԱԿ-ն անհրաժեշտ է համարում հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ

PanARMENIAN.Net - Երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված՝ Հայ ազգային կոնգրես - իշխանություններ երկխոսության օրակարգում «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումների» քննարկման առաջարկով է հանդես եկել ՀԱԿ-ը հուլիսի 26-ի հանդիպմանը:

Նկարագրելով ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը՝ ՀԱԿ-ն առաջարկում է իր լուծումները՝ միակ միջոցը համարելով «Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա կողմից վերահսկվող իշխանության ձեւավորումը, որը կվերադարձնի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ։

Ելնելով վերոնշյալից, որպես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ ՀԱԿ-ն անհրաժեշտ է համարում. հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, անմիջապես հետո, սահմանված ժամկետում, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Առաջարկվում է նաև նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման ՀԱԿ-ի առաջարկած փաթեթը:

ՀԱԿ-ը հիշեցնում է 19.07.2011 թվականի իր հայտարարության մեջ արձանագրված պահանջները՝ որպես երկխոսության կողմերի հավասարության ու հասարակության լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտ պայման. «Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի։

Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։

Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ։

Սրանով ՀԱԿ-ը համարում է իր առաջարկները ձեւակերպված եւ առաջարկում է այն դարձնել օրակարգի քննարկման առարկա։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---