26 հուլիսի 2011 - 13:50 AMT
Ռուբեն Սաֆրաստյան: Եկեղեցիները վերադարձնելու մասին բանաձևը Թուրքիան կհամարի իր ներքին գործերին միջամտելու փորձ

«Եթե նույնիսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունի Եկեղեցիները վերադարձնելու մասին բանաձևը, Թուրքիան այն կընդունի բացասական և կհամարի իր ներքին գործերին միջամտելու փորձ»,- հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպաման ժամանակ հայտարարեց թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական:

Բանաձևում Թուրքիային կոչ է արվում կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները:

Սաֆրաստյանի կարծիքով, այս բանաձևն ընդունվելուց հետո, թուրք ժողովրդին միանգամից պարզ կդառնա, որ այսքան ժամանակ իրենք ապրում են մի տարածքում, որը քրիստոնեական է:

«Թուրքիան և Ամերիկան հասկանում են, որ երկուսն էլ խաղ են խաղում: Այս հարցում թուրքական կառավարությունը ոչ մի վնաս չի կրում, քանի որ այս պահին ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր է Թուրքիայի դերը Միջին Արևելքում»,- նշեց Սաֆրաստյանը: