26 հուլիսի 2011 - 14:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն ի թիվս այլ խնդիրների ընդլայնման կարիք ունի

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Նախագահը ծանոթացել է մեծ վարպետի ստեղծագործական տարբեր շրջանների աշխատանքներին:

Այցելության ընթացքում նախագահին ներկայացվեցին թանգարանի խնդիրները: Նախագահը համապատասխան հանձնարարականներ տվեց մշակույթի նախարարին: Վերջում Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հարցազրույցում ասաց, որ թանգարանի 45-ամյակի առթիվ, որը լրանում է մյուս տարի, պետք է լուծվեն բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես հիմնանորոգման, ֆոնդերում պահպանման ռեժիմի և անհրաժեշտ պայմանների ստեղծման առումով:

Երևանի գլխավոր ճարտարապետին կհանձնարարվի շենքի տարածքի ընդլայնման գործը, որովհետև թանգարանը կարիք ունի ֆոնդերի ընդլայնման և ժամանակավոր ցուցահանդեսների համար նախատեսված ցուցասրահի ստեղծման (ժամանակավոր ցուցահանդեսներ կազմակերպելու համար թանգարանի մշտական ցուցադրության սրահից հանվում են նկարները): Թանգարանը 2001-2002թ. նորոգվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով:

Այսօր թանգարանում անցնում է «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված է Սարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Սարյանի ընտանիքի հավաքածուից 44 աշխարանք, որից 24-ը` գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական աշխատանքներ են: Ցուցահանդեսում Սեդա Բոյաջյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Իդա Քարի, Անահիտ Մակինցյանի և ևս մի քանի կանանց դիմանկարներ արվեստասերներին ներկայացվում են առաջին անգամ:

ՖՈՏՈՇԱՐՔ