26 հուլիսի 2011 - 15:02 AMT
.am դոմենային տիրույթում արդեն գրանցվել է 16 հազար դոմենային անուն

.am դոմենային տիրույթում արդեն գրանցվել են 16 հազար դոմենային անուններ, սակայն դա բարձր ցուցանիշ չէ, հուլիսի 26-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: «Մերձբալթյան երկրների համեմատ, որտեղ այս թիվը կազմում է 70-80 հազար, մենք բավական համեստ ցուցանիշ ունենք»,- ասել է նա:

Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են ինտերնետի համաշխարհային օրը: Համացանցը 22 տարեկան է: Իսկ ահա 1994-ին Հայաստանին .am դոմենային տիրույթ վարելու թույլտվություն է հանձնել Ջոն Պոստելը՝ ցանցային արձանագրությունների հիմնադիրներից մեկը, որոնք կիրառվում են ինտերնետում:

Սաղյանի խոսքով, .am դոմենային գոտում կարող է գրանցվել ինչպես Հայաստանում բնակվող, այնպես էլ երկրից դուրս գտնվող մարդը դրա կիրառման որոշակի կանոնները պահպանելու դեպքում: «Մենք շարունակում ենք բաց քաղաքականություն վարել, որպեսզի սփյուռքի ներկայացուցիչները նույնպես հնարավորություն ունենան օգտվել դրանից»,- ասել է նա և հավելել, որ գրանցման սահմանափակումները ոչինչ չեն տա, քանի որ ցանկացողները կարող են գրանցվել ցանկացած այլ գոտում, ավելին, .am դոմենային տիրույթում գրանցվելը թույլ կտա հետևել կայքերի աշխատանիքն և թույլ չտալ դրանց միջոցով ապատեղեկատվության տարածում:

Ինչպես հաղորդել է բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, հակահայկական բնույթ կրող տեղեկատվություն տարածելու արդյունքում վերջին ժամանակները փակվել են երեք կայքեր և մի քանիսը հատուկ հսկողության տակ են: Նա նշել է, որ այս ուղղությամբ բլոգերների գործադրած ջանքերի շնորհիվ .am դոմենային տիրույթում գրանցվելու պահանջները խստացվել են: