Հուլիսի 26-ին ՅՈՒՆԻԵՖ-ը, Հայկական Կարմիր խաչ ընկերությունը և ՕՔՍՖԱՄ ՄԲ հայաստանյան մասնաճյուղը ներկայացրին 2010 թվականի ապրիլին Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում մեկնարկած «Աղետների ռիսկի կառավարման» տարածաշրջանային ծրագրի արդյունքները:
Հարավային Կովկասում աղետների նկատմամբ դիմադրություն ձևավորելու նպատակով Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժինը իրականացրել է աղետների նախապատրաստական ծրագիր (DIPECHO): 2010 թվականին այդ ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 մլն եվրո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ժամանակավոր պաշտոնակատար Օննո Սիմոնսը:
Իսկ ՅՈՒՆԻԵՖ-ը և Կարմիր խաչը Հայաստանի 4 մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Շիրակում և Արագածոտնում, իրականացրել են մի ծրագիր, որի նպատակը կրթության բոլոր մակարդակներում անվտանգության և աղետների նկատմամբ դիմադրության միջավայրի ստեղծումն է: Հատուկ դասընթացներին մասնակցել են 24 նախակրթարանների շուրջ 96 ուսուցիչներ և 4000 երեխաներ:
Ծրագրի հիմնական ձեռքբերումներից է 2011-2015 թթ. կրթության զարգացման պետական ծրագրում և հանրակրթության պետական չափանիշների մեջ աղետների ռիսկի նվազեցման ինտեգրումը: