26 հուլիսի 2011 - 15:42 AMT
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքականությունը ճկունություն է ձեռք բերել

«ՀՀ արտաքին քաղաքականությունը ճկունություն է ձեռք բերել, և մեր երկիրը կարողանում է խուսափել վնասներից: Կարող ենք ասել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը կորուստներ չի ունենում»,- սա թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքն է:

Սաֆրաստյանը փաստում է նաև, որ Հայաստանն անկախության 20 տարիների ընթացքում ունեցել է մի շարք կարևոր ձեռքբերումներ: Մասնավորապես, նա նշեց 4 կետ, որոնցով Հայաստանը առանձնանում է տարածաշրջանի մյուս երկու երկրներից. Հայաստանը միակ երկիրն է, որ անդամակցում է ՀԱՊԿ-ին, անկախությունից հետո միայն Հայաստանն է պահպանել իր տարածքային ամբողջականությունը, ռուսական ռազմակայանը տեղակայված է միայն Հայաստանում, ինչը փոխշահավետ է երկու երկրների համար:

«Վերջապես չորրորդ կետը` Հայաստանը մեր տարածաշրջանում առանձնանում է նաև նրանով, որ ունի ատոմակայան, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի: Կարծում եմ, մեր վարած քաղաքականության շնորհիվ այլևս չենք կրկնի այն սխալները, որոնք թույլ ենք տվել XX դարի 20-ական թվականներին”,- հավելեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը: