26 հուլիսի 2011 - 18:05 AMT
Հայաստանը կարող է աշխարհին ներկայանալ որպես լեռնային դայվինգի երկիր

Այս տարվա հուլիսի 21-ին հայ սուզորդները, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը և «Հայ էքստրիմ» ՀԿ-ն սահմանել են համաշխարհային ռեկորդ Հյուսիսային կիսագնդում` պատմության մեջ առաջին անգամ սուզվելով ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը: Այդ մասին սուզորդները պատմել են հուլիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Սուզորդները նշում են, որ նպատակն է եղել ոչ միայն լճի ուսումնասիրությունն ու համաշխարհային ռեկորդի սահմանումը, այլև Հայաստանն աշխարհին ներկայացնելը որպես դայվինգի երկիր:

«Բարձր լեռնային գոտում դայվինգով դժվարանում են զբաղվել նույնիսկ պրոֆեսիոնալները, քանի որ դժվար է շնչելն ու առաջանում են առողջության հետ կապված խնդիրներ: Սակայն մենք կարող ենք օգնել նրանց` սովորեցնելով, թե նչպես է պետք սուզվել լեռնային լճում»,- ասաց սուզորդ Ռաֆայել Մկրտչյանը:

«Հայ էքստրիմ» –ի ներկայացուցիչները շեշտում են, որ լեռնային դայվինգն իսկական էքստրիմ է, և, Սևանա լճում կազմակերպելով տարբեր միջազգային մրցաշարեր` Հայաստանում կզարգանա տուրիզմի մի նոր ճյուղ: