26 հուլիսի 2011 - 18:41 AMT
Մարտիրոս Սարյանի «Պարսկաստան» նկարը ռեստավրացիայի է ենթարկվել իտալացի մասնագետների օգնությամբ

Մարտիրոս Սարյանի 1913թ-ին ստեղծած «Պարսկաստան» նկարը ռեստավրացիայի է ենթարկվել և ներկայացվել է հանրության դատին: Նկարը վնասվել էր դեռ նկարչի կենդանության օրոք, ջեռուցման խողովակի վթարի հետևանքով: Նկարի զգալի մասը` ըստ վերականգնող մասնագետի, ջրից քայքայվել էր: Ինչպես PanARMENIAN.Net –ի թղթակցին հայտնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, նկարը կախվել է երեկ` հուլիսի 25-ին, իսկ ռեստավրացիոն աշխատանքներն ավարտվել են մոտ 10 օր առաջ:

Նկարը արված է տեմպերայով, սակայն փորձ է արվել վերականգնել յուղաներկով: Նկարը Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման օրվանից գտնվում է այնտեղ:

Նկարի վերականգնողական աշխատանքներն իրականացվեցին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության պիլոտային ծրագրի համատեղ ուժերով: Նկարի վերականգնման աշխատանքները համակարգում էր Միլանի հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոնի վերանորոգման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին, վերականգնում էին իտալացի վերականգնող նկարիչ Լուչիանա Բիլիոտին և Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնող նկարիչներ Հայկ Ամիրպանյանն ու Արամ Մաթևոսյանը:

Միլանի հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոնը զբաղվում է նաև Մարմաշենի եկեղեցու, Քոբայրի վանական համալիրի և Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնմամբ: