ՏՄՊՊՀ զբաղվում է նաև մարզային խնդիրներով. Հրազդանի առևտրի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը կատարեց իր առաջին մարզային այցը:

Հանձնաժողովը հաճախ է դժգոհություններ ստանում մարզերի բնակիչներից՝ կապված վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, մրցակցային խնդիրների, գների և օրենքի տարբեր խախտումների հետ: Հանձնաժողովի առաջին աշխատանքային այցի նպատակը առկա խնդիրներին տեղում ծանոթանալն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկելն է:

Հանձնաժողովի փորձագետները ուսումնասիրություն կատարեցին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մի քանի առևտրի կետերում: Ուշադրության կենտրոնում էր հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան:

ՏՄՊՊՀ փորձագետները շրջայց կատարեցին մասնավորապես «Հրազդան» և «ՎԵՎ» սուպերմարկետներում, որտեղ կատարվեցին հսկիչ գնումներ: Երկու առևտրի կետերում էլ հայտնաբերվեցին, որ սպառողական ապրանքները վաճառվում են օրենքի խախտումներով: Մասնավորապես առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, վաճառվում էին սառեցված հավ, հավի միս, կոնֆետներ, մեղր, տնտեսական մի շարք ապրանքներ: ՏՄՊՊՀ աշխատակիցները հսկիչ գնում կատարելուց հետո տեղում կազմեցին արձանագրություն: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Համաձայն օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի խոսքերով. «Մինչ այսօր Հանձնաժողովն իր ռեսուրսները կենտրոնացրել է հիմնականում մայրաքաղաքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, սակայն հանրության կողմից բարձրացվող հարցադրումներից պարզ է դառնում, որ մարզերում ևս մրցակցային միջավայրի բարելավման առումով անելիքները շատ են: Այսուհետ Հանձնաժողովի նման գործելաոճը կկրի պարբերական բնույթ՝ ներառելով հանրապետության բոլոր մարզերը, որտեղ խնդիրներն ավելի բազմազան են»: Ա. Շաբոյանը հատուկ կարևորեց հասարակության ակտիվ արձագանքը՝ մրցակցային դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որն իր խոսքում անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ նշեց. «Օրենսդրական առումով կարողացել ենք ազատ մրցակցային դաշտ ստեղծել, բայց իրականում անելիքները դեռ շատ են»: Մարզպետը կարևորեց hանձնաժողովի կողմից իրականացվող նման միջոցառումները, որոնք կնպաստեն մրցակցային վիճակի բարելավմանը:

Վաղը՝ հուլիսի 27-ին hանձնաժողովը կայցելի նաև քաղաք Արմավիր, իսկ հետագայում նաև այլ մարզեր, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---